
Ոլորտում, այս պահի դրությամբ, երեք մեծ խնդիր ունենք: Առաջինն այն է, որ որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել, հետևաբար նոր որոնումներ պետք է իրականացնել: Սա առաջնահերթ ոլորտ է, մենք պետք է շարունակենք այստեղ ներդրումները, որ դա շարունակի դա մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի ժամանակ:
«Երկրորդ խնդիրը ժամանակակից պայմաններին համապատասխան բնապահպանական ստանդարտներ ունենալն է, որովհետև շատ կարևոր է, որ հանքարդյունաբերությունը միայն տնտեսական օգուտներ բերի, կամ եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջացնի, այդ բնապահպանական խնդիրները լինեն մաքսիմալ նվազագույն»,-նշել է նա:
Պապոյանը, խոսելով երրորդ խնդրի մասին, նշել է, որ դա մասնավորապես էկոնոմիկայի նախարարության հետաքրքրության, ուսումնասիրության և աշխատանքի տիրույթում է:
«Երրորդը արտադրական շղթաների երկարացումն է։ Այսօր մենք հիմնականում արտահանում ենք մեր արդյունահանվածը, բայց մենք աշխատանք ունենք, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կամ Ամուլսարի հանքի հետ, որ ի վերջո մենք անցնելու ենք ավելի բարձր բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, ավելի տնտեսապես բարդ արտադրանք ենք թողարկելու»,-հավելել է Էկոնոմիկայի նախարարը: