Հայաստանի քաղաքական կյանքում եղել են ու կան կերպարներ, որոնք միշտ իշխանությունների կողքին են։ Կարևոր չէ ինչպիսին է իշխանությունը, կարևորը այդ մարդիկ տաղանդ ունեն համոզելու օրվա իշխանավորներին, որ իրանք հենց նրանց են հավատարիմ։
Ահա այսպիսի կերպարներից մեկն է կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Այս մարդը մինչև 2018 թվականը բոլորի համար երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն էր։ Ինքն էլ, ըստ էության, իր այդ դիրքից լավ էր զգում և ինչպես ժամանակի մամուլն էր գրում՝ հենց Միքայել Մինասյանի կապն էր նրան օգնել Հովիկ Աբրահամյանի ժամանակ ԱԺ-ում բարձր պաշտոն ստանալու համար։
Հետո եկավ 2018 թվականը և Վիկտոր Մնացականյանը հիշեց, որ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանին առավել մտերիմ է, քան իր քավոր Միքայել Մինասյանին։ Ավելին, երբ նշանակվեց կենտրոնի թաղապետ՝ պարզվեց, որ նոր իշխանավորներին նա ավելի հավատարիմ է, քան իր քավոր Միքայել Մինասյանին և որպես այդ հավատարմության խորհրդանիշ, թաղապետի պաշտոնում առաջինը Միքայել Մինասյանի անվան հետ կապվող սրճարանը քանդեց։
Հետո Վիկտոր Մնացականյանը ինքը ստիպված եղավ թողնել թաղապետի պաշտոնը, բայց քանի դեռ քաղաքապետ Հայկ Մարությանը ձիու վրա էր՝ նա շարունակում էր մնալ նախկին թաղապետի ընկերը։ Պաշտոնանկությունից հետո Մնացականյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր․ «Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ ղեկավարն է եղել, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես գրել եմ պատճառները, մնացած հարցերով կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան վարչություն: Ընդհանրապես նման բան չկա»,-ասել էր նա News.am-ի հետ զրույցում։ Իր հրաժարականի տեքստում էլ Մնացականյանը տեղեկացրել էր, որ ուզում է քաղաքի խնդիրներն ավելի լավ ուսումնասիրել և միայն դրա համար է հեռանում։
Իսկ, ահա, երբ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց ու դարձավ գործող իշխանությունների համար անցանկալի՝ Մնացականյանը հիշեց, որ նախկին քաղաքապետը ձեռագիր չի ունեցել և որ 2018-ից սկսված և գրեթե երկու տարի տևած աղբահանության ճգնաժամը նրա մեղավորությամբ է եղել։
Հիմա էլ Վիկտոր Մնացականյանին ավելի հաճախ կարելի է տեսնել Ռուբեն Վարդանյանի թիմակիցների կողքին՝ Ապրելու երկրի կուսակցության ղեկավարների։ Ամենազավեշտալին այն է, որ հիմա էլ Մնացականյանը հայտարարում է, թե Ապրելու երկրի կուսակցության ղեկավարներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն են իր ընկերները։ Հաշվի առնելով Մնացականյանի նվիրվածությունը և հավատարմությունը իր քավոր Միքայել Մինասյանին և իր ընկեր Հայկ Մարությանին, կարելի է պատկերանցել, թե որ ուղղությամբ կգնան իր և իր նոր, փողատեր Ռուբեն Վարդանյանի քաղաքական նախագծի թղթերով ղեկավարների ընկերական հարաբերությունները։
Հ․ Գ․ Հետաքրքիր է նաև, որ առ այսօր շատերի համար անհայտ է, թե քաղաքային պլանավորման փորձագետ և մշակութաբան ներկայացող այս անձը, որտեղ է ստացել այս մասնագիտությունները, որ հաճախ ներկայանում է քաղաքային պլանավորման կիսաստված։ Սա հարց է, որ կարծում ենք դեռ իր պատասխանը կստանա։



