Որևէ ԲԿ չի փակվելու, չի՛ կրճատվելու որևէ ԲԿ....

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այլեւս Հայաստանի առողջապահության նախարարությունն է: Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ոլորտում իրականացվող երկու կարեւոր բարեփոխումների մասին: Առաջինը, որ մարզային բժշկական կենտրոններն անցնում են նախարարության ենթակայության տակ, երկրորդը՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին, որն սկսվելու է 2026 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2029 թվականը: «Նախ, արդեն իսկ ավարտվել են մարզային ԲԿ-ների՝ ԱՆ ենթակայության տակ անցնելու բոլոր կազմակերպաիրավական ձեւակերպումները: Պետությունը հանդիսանալով ՓԲԸ-ների հիմնադիր՝ առաջին հերթին նպատակ ունի այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Բայց ուզում եմ շեշտադրել, որ այս ՓԲԸ-ներին մենք մոտենում ենք կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու եւ պետության ներդրումները ճիշտ ձեւաչափով վերադարձնելու, մեծացնելու եւ ընդլայնելու տրամաբանությամբ: Սա շեշտադրում եմ, որովհետեւ մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետական ԲԿ է, թե մասնավոր: