Բալթիկ ծովում վնասվել են Ֆինլանդիան եւ Գերմանիան միավորող ստորջրյա մալուխները։ C-Lion1 մալուխի վնասման մասին տեղեկացրել է Cinia ֆիննական պետական ընկերությունը։
Դրա հետեւանքով խափանվել են հաղորդակցությունները, հանկարծակի պատահարի պատճառներն առայժմ անհայտ են, տեղեկացրել է Bild-ը։ Վարվում է հետաքննություն։
C-Lion1 մալուխը (երկարությունը՝ 1 172 կիլոմետր) միացնում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին գերմանական Ռոստոկի հետ, որը գտնվում է Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասում, ինչպես նաեւ ճյուղավորում ունի ֆիննական Խանկո քաղաքում։
2016թ. գարնանից սա միակ ստորջրյա մալուխն է, որն ուղիղ գծով միացնում է Ֆինլանդիան եւ Կենտրոնական Եվրոպան։ Այն տվյալների փոխանցման առաջին գերարագ գիծն է Ֆինլանդիայի եւ Գերմանիայի միջեւ եւ ունի վայրկյանում 144 տերաբիթ արագություն։ Մալուխն օգտագործվում է ինտերնետ միացման, թվային տվյալների փոխանցման, ամպային սերվիսների եւ դատա-կենտրոնների ենթակառուցվածքի աջակցման համար։
Մեկ տարի առաջ Բալթիկ ծովում վնասվել էր Balticconnector գազատարը, որը վերջերս ՆԱՏՕ անդամ դարձած Ֆինլանդիան կապում է Էստոնիայի հետ, որը նույնպես դաշինքի անդամ է։ Ֆինն քննիչների տվյալներով՝ վնասումը հավանաբար պատճառվել էր չինական Newnew Polar Bear բեռնանավի խարսխի պատճառով։ Մինչ այժմ պարզված չէ՝ արդո՞ք դա դժբախտ դեպք էր, թե՞ սաբոտաժի միտումնավոր ակտ։ Միեւնույն ժամանակ, գրանցվել էր նաեւ տվյալների փոխանցման մալուխի վնասում ԵՄ երկու երկրների միջեւ։
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, Բալթիկ ծովում վերջին երկու օրերին կտրվել է նաեւ օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխը Լիտվայի եւ Շվեդիայի միջեւ։ Նրանք դիվերսիա են կասկածում։
Այս առիթով համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ֆինլանդիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները։ «Փաստը, որ նման միջադեպն անհապաղ կասկածներ է ծնում միտումնավորության մասին, շատ բան է ասում մեր ժամանակների անկայունության մասին,- նշված է հայտարարությունում։- Մեր Եվրոպայի անվտանգությանը սպառնում է ոչ միայն Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, այլեւ չարամիտ ակտորների հիբրիդային ռազմական գործողությունները»։



