
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Այս մասին գրում է Փաստինֆոն:
Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի ՝ առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 ՀՀ դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքերի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։
Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում էր կայացվել դեռ 2024թ․ հոկտեմբերին։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախ դատավոր Սաթենիկ Անդրեասյանին, ապա՝ դատավոր Մուշեղ Արամյանին։ Վերջինս էլ որոշել է գործն, ըստ ընդդատության, Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին։
Նշենք, որ սա Վիգեն Սարգսյանի վերաբերյալ միակ քրեական գործը չէ դատարանում։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է գտնվում քրեական գործ, որով Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է դեռ 2019թ․։