
Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է եղել արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով տուժածի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանել է հիվանդանոց և բակում հայտնաբերել «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին՝ ճաքած:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են:
Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են տուժածի ինքնությունը: