Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով եկել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մարկետ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։
Պարզաբանումների ընթացքում սկսվել է վիճաբանություն Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Կայքի տեղեկություններով, Գագիկ Ս.-ն, Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, ինչի արդյունքում նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Կայքի տեղեկություններով, Հենրիկ Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել է իր կողմից կատարած արարքը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։



