
Այսօր մենք ունենք 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ. Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է գտնել ձևերը մեր արտադրած էլեկտրային էներգիան արտահանելու:
«Էլ չեմ ասում՝ էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկրում պետք է նաև ներդրումային որոշակի հետաքրքրություն առաջացնի, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն, ահռելի ծավալի էլեկտրաէներգիա են սպառում, սովորականից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ գիտի, շատ մտավախություններ կան, բայց մենք արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չկասեցնենք, չդանդաղեցնենք:
«Մենք պետք է թողնենք ինքը զարգանա, մենք պետք է հասնենք իր հետևից, մեր տեխնոլոգիական լուծումներով և այլն: Հասկանում եմ, որ շատ բարդ է, բայց սա լրջագույն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է: Պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ ապագան դա է: Մենք ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրված հոսանքով կարողանում ենք մեր ամբողջ ներքին կարիքները ապահովել, հասկանո՞ւմ եք` ինչ ռազմավարական խնդիր ենք լուծել»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սակայն դրա մասին չի ասվում, չի խոսվում: «Մենք էլ չենք այդպես շատ կենտրոնանում, ասում ենք՝ բարդ է: Հարգելի՛ գործընկերներ, էներգետիկ համակարգի համար իրոք բարդ է, էլ չեմ ասում մեր էներգետիկ համակարգի համար, որը ստեղծման առաջին օրերից աշխատել է մի տրամաբանությամբ և նոր հանգամանք է ի հայտ եկել, որը պետք է կառավարել»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է սովորենք դա կառավարել:
«Մենք պետք է գտնենք լուծումներ, վարչական, տեխնիկական և քաղաքական լուծումներ: Ասում եմ՝ սա շատ լուրջ ռեսուրս է: Այսինքն, մենք բացի ատոմակայանից, երկու ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի: Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, ընդ որու վերջին յոթ տարում»,- ասաց նա: