Վերջին տարիների ընթացքում Երևանը սեփական եկամ...

Երևանի քաղաքապետարանի օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է Երևան քաղաքի սեփական եկամուտների 2025 թվականի պլանային առաջադրանքների վերաբերյալ ցուցանիշները հուլիսի 31-ի դրությամբ: 

«2025 թվականի հունվար-հուլիս ամիսների համար պլանավորված 52 մլրդ 128 մլն 452 հազար 800 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 47 մլրդ 212 մլն 482 հազար 900 դրամ, կատարողականը՝ 90,6%, թերակատարումը՝ 4,9 միլիարդ: Այս թվի մեջ ներառված է նաև մետրոպոլիտենի կողմից հավաքագրված, սակայն եկամտային հաշվին չարտացոլված 1 մլրդ 183 հազար 352 դրամը: Հայտնում ենք նաև, որ ևս 257 մլն 815 հազար 790 դրամ փոխադրավարձի գծով հուլիս ամսվա ընթացքում հավաքագրվել, սակայն օգոստոս ամսին է մուտքագրվել, այսպիսով՝ թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի և նախագծման թույլտվության եկամուտների գծով թերհավաքագրումը։ Շինարարական թույլտվության և նախագծման թույլտվության գծով պլանավորված տարեկան 17 միլիարդ 186 միլիոն 899 հազար 500 դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 10 միլիարդ 821 միլիոն 821 հազար 100 դրամ, կատարողականը՝ 63%», - տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունից:

Ներկայացվել է նաև Երևանի վարչական շրջանների փաստացի կատարողականների ցուցանիշները, ըստ որի՝ Մալաթիա-Սեբաստիա 114,4%, Արաբկիր՝ 113,6%, Նոր Նորք՝ 111,9%, Նորք Մարաշ՝ 111,5, Շենգավիթ՝ 110,9, Ավան՝ 108,8, Աջափնյակ՝ 105,5, Նուբարաշեն՝ 105,1, Էրեբունի՝ 104,7, Կենտրոն՝ 102,7, Քանաքեռ-Զեյթուն՝ 99,8, Դավթաշեն՝ 97,2:

Ընդգծվել է, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտների աճը կազմել է ավելի քան 12 մլրդ դրամ, որին ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքը իր սեփական եկամուտները գրեթե եռապատկել է:

«Ծրագրերի իրականացման տեսանկյունից ֆինանսական ներհոսքերը շատ մեծ դեր ունեն: Ես պետք է խնդրեմ մասնավորապես մեր Էրեբունու, Կենտրոնի, Քանաքեռ-Զեյթունի և Դավթաշենի գործընկերներին կենտրոնանալ հավաքագրման վրա, որովհետև այստեղ ունենք ավել հավաքագրման պոտենցիալ, չնայած՝ գրեթե բոլորը կա՛մ անցել են 100% շեմը, կա՛մ շատ մոտ են 100% շեմին, բայց նաև մյուսների փորձը ցույց է տալիս, որ ունենք նաև ավել հավաքագրելու պոտենցիալ», - նշել է Երևանի քաղաքապետը։