Վերադարձից բացի այլ ելք չի կարող գոյություն ո...

Արցախի Հանրապետության տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարը շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի այլ ելք չի կարող գոյություն ունենալ։ Այս մասին Արցախի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ 

Դանիելյանը հիշեցրեց ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում իրականացվել են ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ,  նպատակ ունեին ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Այդ հանցագործությունների հետևանքով ժողովուրդը ստիպված եղավ հանգրվան գտնվել Մայր Հայաստանում։

«Մեր ժողովուրդը ծանր փորձությունների միջով անցավ, ոմանք չդիմանալով հեռացան ՀՀ-ից, քանի որ ՀՀ իշխանությունները չստեղծեցին  նվազագույն կենսապայմաններ, ավելին՝ ենթարկեցին հալածանքների»,- նշեց Դանիելյանը։

 Նա ընդգծեց, որ լսումներով մեկնարկում են պայքարի նոր փուլը։ Դանիելյանը նշեց, որ որոշ դրույթներ իրենց ուշադրության կենտրոնում են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչված է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք փաստել են, որ հակամարտությունը պետռք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է՝ առանց Արցախի ընտրված իշխանությունների դիրքորոշման։ Դանիելյանը նկատեց, որ Մինսկի Խմբի լուծարումն իրականացվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումների հիման վրա, ինչը ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը և էթնիկ զտումւ, անտեսում 150 հազար մարդու հայրենիք վերադառնալու իրավունքը։ Դանիելյանն ընդգծեց, որ այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների ձգտումներին, որոնց կանաչ լույս վառեցին՝ ՀՀ իշխանությունները՝ զրկելով հակամարտության խաղաղ կարգավորման միակ կառույցից։ Դանիելյանն ընդգծեց՝ հակամարտությունը լուծված չէ։ Նա ընդգծեց, որ գլխավոր նպատակը՝ Արցախի ժողովրդի վերադարձն է և քաղաքական կարգավիճակի հստակեցումը, Արցախի ժողովրդի անունից հանդես գալու իրավունք ունեն միայն Արցախի իշխանությունները։ 

«Վստահ եմ՝ ինչպես 1998-ին, այնպես էլ այսօր միասնական ջանքերով կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- շարունակեց Դանիելյանը։