Վենեսուելայի ԱԳՆ-ն Մադուրոյի ինքնաթիռի առգրավ...

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռի առգրավումը որակել է որպես «ծովահենություն»։ 

Ինքնաթիռն առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում և տեղափոխվել ԱՄՆ՝ Վենեսուելայի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման պատճառով։

«Նրանք իրենց գործողություններն արդարացնում են հարկադրանքի միջոցներով, որոնք միակողմանի և անօրինական կերպով կիրառում են ամբողջ աշխարհում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը տարածել է կապի, մշակույթի և զբոսաշրջության նախարար Ֆրեդի Նանեսը։

Գերատեսչությունը սպառնացել է ձեռնարկել ցանկացած իրավական քայլ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար։

«Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած իրավական քայլ՝ վնասը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինքնաթիռի առգրավման մասին հայտնել էր CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, որն ավելի ուշ հաստատել է արդարադատության նախարարությունը։ Ինքնաթիռի արժեքը գնահատվում է 13 միլիոն դոլար. Վենեսուելայի իշխանություններն իրավունք ունեն բողոք ներկայացնել ինքնաթիռի առգրավման որոշման դեմ։