Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի տևողո...

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ օրերս դատարանը կայացրել է երկու կարևոր նախադեպային որոշում՝ արձանագրելով, որ շարունակական կալանքը՝ պայմանավորված գործի երկարատև քննությամբ, կարող է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի ազատության իրավունքը։

«Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը երկու կարևոր որոշում կայացրեց և գտավ, որ անձանց շարունակական կալանքի տակ գտնվելը, որն արդեն շուրջ 8 տարի էր տևել՝ պայմանավորված գործի քննության երկարատևությամբ, իր մեջ պարունակում է պատժի տարրեր։ Դատարանը նկատեց, որ հանրային շահի պահանջն այլևս այնպիսին չէր, որ կարողանար գերակշռել Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ», – նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը հստակ արձանագրել է, որ այդ հանգամանքներում անձինք այլևս չեն կարող գտնվել կալանքի տակ՝ միայն գործի տևողությամբ պայմանավորված։

«Կարծում եմ՝ այդ որոշումը ևս կարևոր առաջընթաց էր իրավունքների պաշտպանության առումով։ Վճռաբեկ դատարանը հանդես եկավ կարևոր ուղենիշային դիրքորոշումներով և տեսակետներով այս որոշումների շրջանակում», – հավելեց Վճռաբեկ դատարանի նախագահը։