
Վաղը Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 19 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ տոնի օրը թեմի Առաջնորդանիստ և Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Երկու եկեղեցիներն էլ բաց կլինեն մինչև ժամը 22.00-ը:
Ժամը 9:30-ին Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ժամը 10:00-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սուրբ Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ժամը 11:00-ին Տոնական Ս. Պատարագ կմատուցվի Ս. Սարգսի անունը կրող երկու եկեղեցիներում:
Տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողություն։
Ժամը 16:30 - «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը Ս. Սարգսի տոնի առթիվ արդեն 9-րդ անգամ կներկայացնեն «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: