
«Իրավունք». թերթը գրում է. «Ժողովո՛ւրդ ջան, այս մարդը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Նույնիսկ եթե կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի հանրության մեջ, վարչապետը չէ, որ դա պետք է իրագործի, նման իրավասություն նա չունի, էլ ո՛նց բացատրենք, վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞,- հարցին Նիկոլ Փաշինյանը ունի՞ լիազորություններ Կաթողիկոսին փոխելու, նման տեսակետ հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․
-Ժողովուրդը պետք է պահանջի, ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ նա նման իրավունք չունի. Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև այդ մարմինները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով:
ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով, որևէ դրույթով սահմանված չէ, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը կարող է ձևավորել համակարգող խորհուրդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու նպատակով: Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի կազմավորման, ձևավորման, կաթողիկոսին ընտրելու կարգը վերապահված է Գերագույն հոգևոր խորհրդին: Ի սեր Աստծո, պետությունը անջատ է եկեղեցուց:
Եթե Փաշինյանը պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ու ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինել, չէր կարող ընտրվել և կաթողիկոս լինել, սա նշանակում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։
Հետևաբար հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այսօր Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Այսինքն՝ յոթ տարի կաթողիկոսը կարող էր կուսակրոնության ուխտը խախտել ու մնալ Ամենայն հայոց կաթողիկոս, յոթ տարի հետո՝ ո՞չ: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ նա կա՛մ իշխանության կորստի իրական վտանգ է զգացել, կա՛մ այլ խնդիր կա, որ փորձում է մինչև վերջ համառորեն գնալ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում