Տաջիկստանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունից դուրս գալու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Տաջիկստանը նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ին ծանուցել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական ծանուցումը ստանալուց մեկ տարի անց՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։
Տաջիկստանը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1998 թվականին, վավերացրել՝ 2000 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ անդամ պետությունը կարող է դուրս գալ կանոնադրությունից՝ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ծանուցումը ստանալուց մեկ տարի անց, եթե դրանում ավելի ուշ ժամկետ նշված չէ։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին կապերի ծառայությունում հայտարարել էին, որ Տաջիկստանը չի կատարել ՄՔԴ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, երբ 2025 թվականի հոկտեմբերին Դուշանբե պետական այցով ժամանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
2023 թվականի մարտի 17-ին ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալման կարգադրություն էր տվել՝ ուկրաինացի երեխաների «անօրինական արտաքսման» մեղադրանքով։
Որոշմանն արձագանքելով՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։
Ռուսաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, չեն մասնակցում միջազգային կառույցի աշխատանքներին։
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրության հիման վրա։ Այն ՄԱԿ-ի կառույց չէ և հաշվետու է այն պետություններին, որոնք վավերացրել են կանոնադրությունը։



