Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Քրիստոնեության հոբելյանական տարվա շրջանակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հերթական ընդունելությունը չեղարկվել է հովվապետի հիվանդության պատճառով։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը նշել է, որ խոսքը փետրվարի 22-ի ընդունելության մասին է։ Փետրվարի 23-ին Սուրբ Պետրոսի տաճարում նախատեսված պատարագը, որը պետք է մատուցեր Ֆրանցիսկոսը, կկատարի մոնսենյոր Ռինո Ֆիզիչելան, որը Հոբելյանական տարվա մշակութային ծրագրի կազմակերպիչներից է։ Հայտարարության մեջ նշվել է, որ 88-ամյա Ֆրանցիսկոսի հոսպիտալացումը կարող է երկարաձգվել։ Նա փետրվարի 14-ից գտնվում է հիվանդանոցում, որտեղ բուժվում է շնչուղիների վարակի դեմ։ Թեստերի արդյունքների հիման վրա բժիշկները խոսում են «բարդ կլինիկական պատկերի» մասին՝ պոլիմիկրոբային վարակի համատեքստում։ Corriere della Sera թերթը ենթադրում է, որ դա կարող է լինել ստրեպտոկոկային եւ ստաֆիլոկոկային վարակների համակցություն, ինչը բարդացնում եւ ավելացնում է բուժման ժամանակը: Պարբերականը նաեւ գրել է, որ հովվապետը մինչեւ վերջին րոպեն փորձել է խուսափել հոսպիտալացումից՝ նախընտրելով տնային բուժումը, ինչը, սակայն, արդյունք չի տվել։ Դիտորդները կարծում են, որ փետրվարի 23-ի պապական քարոզը կչեղարկվի, ինչպես անցյալ կիրակի, երբ նա նույնիսկ հիվանդանոցի պատուհանում չէր երեւացել։ Վատիկանի շրջանակներում խոսում են Ֆրանցիսկոսի առողջության համար «զուսպ մտահոգության» մասին եւ հերքում են բոլոր ենթադրությունները, թե նա «մահվան եզրին է», ինչպես գրում են որոշ պարբերականներ։



