Արմեն Գրիգորյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև լավ ընկեր: Պարոն Գրիգորյանն իր հոդվածի սկզբում նշել է, որ իր գործընկերները՝ մենք, ծանոթ ենք եղել իր դիրքորոշմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ երեկ հրապարակված հոդվածին:
Լրագրողը հարցրել է՝ տարակուսելի չէ՞, որ Գրիգորյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ում օրոք նաև ԵՄ-ի անդամակցության գործընթացի վերաբերյալ նախագիծն է ընդունվել, հիմա նման հայտարարություն է անում:
«Ես պարոն Գրիգորյանի հոդվածը բնականաբար կարդացի, այս մասին նախկինում էլ հնարավորություն ունեցել ենք խոսելու: Ես համարում եմ, որ ժողովրդավար հասարակությունում ամեն քաղաքացի՝ նախկին պաշտոնյա, գործընկեր կարող է իր տարբերվող դիրքորոշումը հայտնել, որը միայն պետք է մեզ համար հարթակ դառնա առողջ քննարկման»,-պատասխանել է Ղազարյանը:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ է հոդվածը հիմա հրապարակվել, որում, ըստ էության, մեղադրանքներ կան ուղղված, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, Սոնա Ղազարյանը պատասխանել է.
«Պարոն Գրիգորյանին պետք է այդ հարցերն ուղղեք: Ինչո՞ւ հիմա՝ ես չեմ կարող պատասխանել պարոն Գրիգորյանի փոխարեն, բայց նորից եմ ասում՝ մենք ժողովրդավար թիմ ենք, և պարոն Գրիգորյանը քանիցս իր դիրքորոշումը հայտնել է, մենք այդ մասին քննարկումներ ունեցել ենք:
Պարոն Գրիգորյանը, գրեթե նույնական դիրքորոշում, քննարկումների ընթացքում հայտնել է, ինքն էլ հոդվածում չի թաքցրել, որ հանրային հայտնում է այն, ինչի մասին գործընկերները տեղյակ են, և ես կարծում եմ՝ սա շատ նորմալ է, բավական առողջ քննադատություն է: Ես, իհարկե, որոշ դրվագներով անհամաձայն եմ, բայց կրկնում եմ՝ պարոն Գրիգորյանը վստահելի գործընկեր է, ունի ելակետային կարևոր տեղեկություն, որի շուրջ իր մտքերն է արտահայտել: Ես կարծում եմ՝ սա հանրության մոտ պետք է առողջ բանավեճի տարածք բացի»,-մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել էր՝ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի՝ ավելի ուժեղ ճնշմանը, և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»:



