Բուդապեշտի դատարանն ապօրինի միգրացիա կազմակերպելու կասկածանքով մեկ ամսով կալանավորել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբորը՝ Աարոն Օրբանին։ Այս մասին հայտնում են մայրաքաղաքային դատարանից։
Դեռ երկուշաբթի Kontroll.hu կայքը գրել էր, որ նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել է Ակտիվների վերադարձման ու պաշտպանության ազգային վարչության և Ազգային քննչական բյուրոյի համատեղ օպերացիայի արդյունքում։
Դատարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ կալանավորման միջնորդությունը ներկայացրել էր դատախազությունը՝ հիմք ընդունելով Օրբանի և նրա հանցակիցների դեմ հարուցված քրեական գործը։
Բացի Օրբանից, գործով անցնող ևս մեկ անձ կալանավորվել է մեկ ամսով, իսկ մյուս կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քառամսյա տնային կալանքը։ Դատախազությունն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ մեղադրյալները կարող են դիմել փախուստի կամ խոչընդոտել ապացույցների ձեռքբերմանը։
Դատական նիստից հետո Աարոն Օրբանի փաստաբան Էդիտ Էվան Telex պարբերականին վստահեցրել է, որ նման խիստ խափանման միջոցի կիրառումն արդարացնող որևէ հիմնավոր ապացույց չկա։
Նշենք, որ ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցությունն ավելի վաղ իր կայքի «Քաղաքական բանտարկյալներ» բաժնում հրապարակել էր նախկին վարչապետի եղբոր լուսանկարը։ Ինքը՝ Վիկտոր Օրբանը, պնդում է, թե այս քրեական հետապնդման հիմնական նպատակը քաղաքական հակառակորդներին ասպարեզից հեռացնելն ու Հունգարիայում միակուսակցական համակարգ հաստատելն է։



