
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնը Թեհրանին խելամիտ առաջարկ է արել միջուկային ծրագրի վերաբերյալ և իրանական կողմից պատասխանի է սպասում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունը:
«Նախագահ Թրամփը հայտնել է վարչապետին, որ Միացյալ Նահանգները խելամիտ առաջարկ է ներկայացրել Իրանին և ակնկալում է նրա պատասխանը ստանալ առաջիկա օրերին», - ասված է հաղորդագրության մեջ:
40 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նաև Նեթանյահուին տեղեկացրել է շաբաթվա վերջին Իրանի հետ բանակցությունների լրացուցիչ փուլ անցկացնելու մտադրության մասին: Կողմերը քննարկել են նաև պատերազմը Գազայի հատվածում։
Իր հերթին Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հեռախոսազրույցը լավ է անցել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները բարդ են, քանի որ իրանցիները «հրաշալի բանակցողներ են»։ Թրամփը կրկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Թեհրանի նկատմամբ կոշտ վերաբերմունքը՝ բանակցությունների տապալման դեպքում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ երկու երկրների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: