Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտա...

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնից ազատված Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը, և հույս է հայտնել համագործակցելու երկրի պաշտպանության նախարարության նոր ղեկավարի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը մնում է անսասան, ինչպես և մեր աջակցությունը Իրանի և նրա գործընկերների ու պրոքսիների ագրեսիայից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օսթինը նաև հայտնել է ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելու մասին՝ «ամերիկյան անձնակազմին, ինչպես նաև դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու համար»:

Օսթինը Գալանտին անվանել է վստահելի գործընկեր՝ նշելով, որ նրա «փորձը, պրոֆեսիոնալիզմը և առողջ դատողությունը անվտանգության հրատապ խնդիրների լուծման գործում» բարձր են գնահատվել Վաշինգտոնում:

Գալանտը, որն Իսրայելի պաշտպանության նախարարն էր 2022 թ. դեկտեմբերի վերջից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից պաշտոնանկ է արվել նոյեմբերի 5-ին։ Նեթանյահուն պաշտպանության նոր նախարար է նշանակել արտգործնախարար Իսրայել Կացին, որի պաշտոնն առաջարկվել է առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին։