Վաշինգտոնը դեմ է ռուսական տարածքի վրա հարձակո...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի հետ զրույցներում կրկնել է, որ չի աջակցում ռուսական հողի վրա հարձակումներին: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք ուկրաինացիներին շատ հստակ ասել ենք, թե ինչպիսին են մեր ակնկալիքները Ռուսաստանի վրա հարձակվելու շուրջ. մենք չենք ցանկանում խրախուսել կամ թույլ տալ դա: Մենք, անշուշտ, չենք ցանկանում, որ ամերիկյան արտադրության որևէ սարք օգտագործվի ռուսական հողի վրա հարձակվելու համար», - ասել է Քիրբին:

Պաշտոնյան հավելել է, որ հավաստիացումներ է ստացել ուկրաինացիներից, որ վերջիններս կհարգեն այդ ցանկությունը:

Քիրբին նաև նշել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում» օգնության մի շարք նոր փաթեթներ կհատկացնեն Ուկրաինային, որպեսզի նրանք ունենան անհրաժեշտ ամեն բան, «երբ և եթե ցանկանան հակահարձակում սկսել»:

Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների աղբյուրների՝ ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային մոտավորապես 300 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումներով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, և որ դա կունենա բացասական հետևանքներ: