Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրց...

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ գլխավորում էր Շրջակա միջավայրի նախարարը, որպես հանձնաժողովի նախագահ։

➡️ Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացված 5 հողակտորներից հանձնաժողովը հաստատեց միայն 1 հողամասի փաթեթը։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ՝ հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով, բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։

➡️Կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու մասին մյուս նախագծերը հանձնաժողովի կողմից չհաստատվեցին։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով հանձնաժողովի նիստին քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը, քանի դեռ չեն վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով։

Շրջակա միջավայրի նախարարություն