Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են երկ...

Հոկտեմբերի 14-ին Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Քննարկման թեման եղել է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի իրականացումը, հայտնում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Օլեգ Բելոզյորովը ներկայացրել է «ՌԵՈՒ» ԲԲԸ դուստր ընկերության՝ կոնցեսիոն պայմանագրի իրականացումն ապահովող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության արդյունքները և վարչապետի միջոցով Հայաստանի կառավարությանը հավաստիացրել ընկերության հանձնառությունը ստանձնած բոլոր պարտավորություններին։

«Երկաթուղայինների խնդիրն է մեր երկրների տնտեսությունն ապահովել տրանսպորտային հաղորդակցությամբ։ Կոնցեսիան թույլ տվեց պահպանել և զարգացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը՝ վերականգնման և պահպանման ծախսերը չդնելով հանրապետության բյուջեի վրա։ Ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։ Կոնցեսիայի ընթացքում «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 146 միլիարդ հայկական դրամ կամ մոտ 400 միլիոն դոլար։ Մենք բաց ենք Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար։ Մեր կողմից մտադիր ենք ամուր կերպով հավատարիմ մնալ ստանձնած բոլոր պարտավորություններին»,- հայտարարել է Օլեգ Բելոզյորովը։

Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ կոնցեսիոն համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով (երկարաձգման իրավունքով)։ Այսօր «ՀԿԵ» ՓԲԸ-ն խոշորագույն հարկատուներից է, որը զգալի ներդրում ունի հանրապետության բյուջեի ձևավորման գործում։ Այն նաև երկրի ամենանշանակալի և խոշոր գործատուներից մեկն է։

«Հայաստանի երկաթուղիները 1520 մմ լայնությամբ գծի երկաթուղիների անբաժանելի մասն են, որոնք գործում են ողջ հետխորհրդային տարածքում։ Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսական կողմը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բեռնահոսքերը և պայմաններ ստեղծել փոխադրված ուղևորների թվի աճի համար», – նշել է «ՌԵԵ» ԲԲԸ-ի ղեկավարը։

Նա հավելել է, որ դրա համար «Հարավկովկասյան երկաթուղին» հետևողականորեն թարմացնում է ենթակառուցվածքն ու ուղևորատար շարժակազմը․ 2021 թվականին մատակարարվել է «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի արտադրության 27 նոր վագոն, ինչպես նաև մի քանի տարվա ընթացքում ձեռք են բերվել ԷՊ2Դ մոդելի 4 նոր էլեկտրագնացքներ։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցի օգտագործմամբ տարանցիկ հաղորդակցությունների հնարավորությունները գնահատելու համար։