Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ընդ որում, ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ Հայաստանը նշված չէ միջոցառման մասնակիցների թվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը աշխատանքային այցով ժամանել է Չոլպոն-Աթա քաղաք։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նախատեսված է Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությունը։
Նիստի մասնակիցները ծրագրում են քննարկել Համագործակցության շրջանակներում ռազմական համագործակցության զարգացման հրատապ հարցեր և համաձայնեցնել ԱՊՀ երկրների զինված ուժերի 2027 թվականի համատեղ միջոցառումները։
Հանդիպման շրջանակներում Բելոուսովը մտադիր է երկկողմ բանակցություններ անցկացնել մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, ռուս նախարարը կայցելի Ղրղզստանի տարածքում գտնվող Ռուսաստանի ռազմական օբյեկտներ։
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ նիստն անցկացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման շրջանակներում։



