Վարդապետյանը տեղակալներին հանձնարարել է գույք...

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկալներ Արթուր Պողոսյանը, Գևորգ Բաղդասարյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է մինչդատական վարույթում ութ ամսից ավելի ժամկետով քննվող բոլոր քրեական գործերի (վարույթների) ընթացքն ու քննության ժամկետների ձգձգման պատճառները քննարկել ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունում՝ օպերատիվ խորհրդակցության ձևաչափով:

Աննա Վարդապետյանը ոլորտը համակարգող տեղակալներին հանձնարարել է երկամսյա ժամկետում գույքագրել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները (ինչպես հսկողական, այնպես էլ վերահսկողական), վեր հանել դրանց ձգձգման պատճառները, սահմանել դրանց կատարման ժամկետներ և արդյունքների մասին զեկուցել գլխավոր դատախազին: