Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։ Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը: Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:



