Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցեց նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն «Իմ քայլի»-ի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի.
«Հույս ունեմ, որ ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին և կանեն իրենց քայլը հանուն ազատության, հանուն օրինականության, հանուն ժողովրդավարության: Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է, և միայն դուք եք որոշում, թե ով լինի մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր, վարչապետ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Politik.am-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանից փորձեց մենկաբանություն ստանալ, թե հաշվի առնելով թեկնածուներից մեկի «Իմ քայլի»-ի կողմից առաջադրված լինելու հանգամանքը, արդյոք վարչապետի` ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցելը, չի կարող իր ազդեցությունն ունենալ ընտրողների ձայնի վրա:
Ըստ Իոաննիսյանի` քարոզարշավին մասնակցելը իհարկե ազդող գործոն է, սակայն դրանում որևէ խնդիր չկա.
«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը` եթե նա սատարում է որևէ թեկնածուի, ապա վերջինիս ընտրություններում հաղթելու հնարավորությունները էապես բարձր են: Միաժամանակ պետք է ասենք, որ վարչապետի կողմից կուսակից ընկերոջը սատարելը նորմալ է: Եթե քայլը աշխատանքային ժամից դուրս է և վարչական ռեսուրսի չարաշահման բաղադիչներ չի պարունակում, ապա որևիցե խնդիր չկա»- ասաց Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: Առաջադրվել է նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:



