Վարչապետի ապարատի պահպանման ծախսերը կկրճատվեն...

2022 թվականին նախագահի վարչակազմի շրջանակում ծրագրվում է իրականացնել 1 ծրագիր 2 միջոցառմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այդ նպատակով ծրագրվում է հատկացնել 1 միլիարդ 602,5 մլն դրամ։

2021թ․ համեմատ ծախսերը փաստացի անփոփոխ կմնան։ Ընդ որում, ԱԺ-ն ծրագրում է 1 ծրագիր իրականացնել 5 միջոցառմամբ։

«Այդ նպատակների համար ծրագրվում է հատկացնել 5 մլրդ 992 մլն դրամ։ 2021-ի համեմատ ֆինանսավորումը եւս անփոփոխ է մնացել»,-հայտնեց նախարարը։

Միեւնույն ժամանակ, 2022-ին վարչապետի ապարատը կիրականցնի 11 ծրագիր 45 միջոցառմամբ։ Ընդ որում, երկու ծրագիր կապված է սփյուռքի հարցերի հետ։ Այդ նպատակով կհատկացվի 19 մլրդ 675 մլն դրամ։

Ծախսերի կրճատումը կհասնի 34,5%-ի։ «Մասամբ դրա պատճառն այն է, որ շատ ծրագրեր եւ միջոցառումներ, որոնք այս տարի իրականացվել են վարչապետի ապարատի կողմից, մյուս տարի պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից»,-պարզաբանեց Խաչատրյանը։