Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը ու ինձ ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք, էդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր ա դա անել: Ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցեն: Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ: Առաջին հերթին, իմ կարծիքով մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն: Չենք կատարել, որովհետև մենք ունենք վարչական շրջաններ, ովքեր այս շրջանում բացարձակապես որևէ վարչական տուգանք չեն գրել այս հոդվածով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այն վարչական շրջանները, որոնք չգիտեմ ինչ հիմնավորմամբ վարչական տուգանքները չեն գրել, պետք է բացատրեն ու հիմնավորեն, որովհետև ինձ մոտ մեծ հարց է առաջանում: Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ դեռ ունենք ձյուն ու պետք է աշխատենք 27/7 ռեժիմով: Հարգելի գործընկերներ, դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակիցներ, որոնք պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով: Ես, երբ հանում եմ այդ արձանագրությունների թվերը, խայտառակ թվեր են դուրս գալիս: Ես հասկանում եմ, որ այդտեղ մենք ունենք լուրջ փոփոխությունների կարիք»,- նշել է նա:
Անդրադառնալով վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրավախախտումների արձանագրումներին՝ Ավինյանը նշել է, որ վարչական տուգանքներ պետք է իրականացվեն. «Հասարակական կարգի 1 աշխատակիցը միջինացված տասնյակ անգամներով ավելի վարչական իրավախախտում է իրականացնում, քան մեր վարչական շրջանի աշխատակիցը: Լավամարդ դուրս գալը լավ բան չի, վարչական տուգանքներն էլ հենց այնպես չեն գրվում»:



