ԱԺ-ում հյուրընկալել են Մարդու իրավունքների աշ...

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Նշվում է, որ նրանք հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հետ։

Վերջիններս, ողջունելով երիտասարդներին, ներկայացրել են հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել խորհրդարանի աշխատանքներին։

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Ուսանողների համար կազմակերպվել է նաև շրջայց Ազգային ժողովում։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպված աշնանային դպրոցը ներառում է տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպումներ և քննարկումներ ոլորտի լավագույն փորձագետների հետ։