
Հայաստանի դատական համակարգում շարունակվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։
Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ նաև վարչական արդարադատության ոլորտի համար։
«Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի դատական համակարգում և ընդհանրապես իրավական համակարգում արդեն ընթացքի մեջ է։ Այսօր քաղաքացիական արդարադատությունն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Թեև սա նոր է, բայց մենք հասկանում ենք, որ դա շատ արդյունավետ միջոց է լինելու», – նշեց Աթաբեկյանը։
Նրա խոսքով՝ ներկայում էլեկտրոնային գործիքակազմը մշակման փուլում է նաև վարչական արդարադատության համար։
«Այս պահին վարչական արդարադատության ոլորտում նույնպես էլեկտրոնային հարթակը ստեղծվում է, և գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով։ Գործիքակազմն արդեն մշակման փուլում է, և առաջիկայում համոզված եմ՝ արդարադատության նախարարության մեր գործընկերները դրա սկիզբը կմատնանշեն», – ասաց նա։