Սա այն որոշումներից է, որին հավատավոր ժողովու...

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունը կարելի է գնահատել ոչ միայն որպես հերթական կադրային որոշում, այլ որպես ուշացած, սակայն անհրաժեշտ քայլ՝ ուղղված եկեղեցու ներսում կուտակված լարվածության թուլացմանը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2026 թվականի հունվարի 10-ի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Սա այն որոշումներից է, որին հավատավոր ժողովուրդը վաղուց էր սպասում՝ և ոչ միայն տվյալ հոգևորականի, այլև վերջին ամիսներին եկեղեցու դեմ հրապարակային պայքարի դուրս եկած մի շարք այլ «տիրադավ» հոգևորականների մասով։

Տևական ժամանակ հավատավոր հանրությունը սպասում էր, որ եկեղեցին ներսից կգտնի ինքնամաքրման  ձև։ Այդ սպասումը երբեմն վերածվել էր հիասթափության, երբ թվում էր, թե ներքին խնդիրները մնում են փակ դռների հետևում։ Այս համատեքստում այսօր կայացված որոշումը կարելի է դիտարկել որպես ազդակ․ եկեղեցին արձագանքում է իր շուրջ ձևավորված լուրջ մտահոգություններին։

Հատկանշական է նաև ժամանակագրական համընկնումը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյան-ը հրապարակային որդիական խնդրանքով դիմեց Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով հավատավոր ժողովրդին համախմբել Սուրբ Եկեղեցու շուրջ և առնվազն այս փուլում պաշտոնանկ անել այն հոգևորականներին, որոնք իրենց վարքով ու խոսքով խարխլում են եկեղեցու հեղինակությունը։

Գևորգ եսպիկոպոսի հեռացման որոշումը չի լուծում բոլոր խնդիրները և չի փակել հարցը։ Բայց այն կարևոր նախադեպ է՝ ցույց տալու, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի ինքնակառավարման և անհրաժեշտ պահին դժվար որոշումներ ընդունելու կարողություն։ Իսկ հասարակության համար սա հույս է, որ եկեղեցու հեղինակությունը պաշտպանվում է ոչ թե բառերով, այլ կոնկրետ քայլերով։