Վանեցյանի գնացքը գնացել է

Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Իշխանություններն, ըստ ամենայնի, ցանկանում են նախատեսվածից շուտ գնալ Երևանի ավագանու ընտրությունների։

Իշխանությունն իր ունեցած ռեսուրսներով կարող է գնալ արտահերթ ընտրությունների, հատկապես, երբ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը արդեն մի քանի ամիս է աշխատում է այդ ուղղությամբ, իսկ ահա ընդդիմության համար վաղաժամ ընտրությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ։

Ընտրություններին մասնակցելու հավանականության մասին այս ընթացքում խոսել է միայն Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այս ընթացքում նա հնարավորություն ուներ ակտիվորեն աշխատել հանրության հետ, ներկայանար, որպես քաղաքապետի հավանական թեկնածու, բայց ոչինչ չարեց ամենայն հավանականությամբ կարծելով, որ ընտրությունները կլինեն աշնանը ու ինքը պատրաստվելու ժամանակ կունենա։  Բայց ինչպես տեսնում ենք շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Ի դեպ, Վանեցյանը ոչ միայն խնդիր ունի հանրության հետ աշխատելու առումով, այլև ընդդիմադիր ուժերի իր թեկնածության շուրջ կոնսոլիդացնելու խնդիր ունի։ Նա չի կարողացել ստանալ հիմնական խաղացողների աջակցությունը և, ըստ ամենայնի, չի էլ կարողանա, քանի որ հիմա արդեն քննարկվում են այլ թեկնածուների անուններ ևս։ Ըստ էության, Վանեցյանը  նաև բաց թողեց այս ընթացքը, որի ժամանակ իր աշխատանքով կարող էր ընդդիմադիր հիմնական առաջնորդներին համոզել, որը ինքը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն։

Այս իրավիճակում ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի գնացքն արդեն գանցել է։ Եթե ընտրությունները տեղի ունենան նախատեսվածից շուտ, ապա ամենայն հավանականությամբ նա կմասնակցի իր ուժով (եթե իհարկե ի վերջո մասնակցի) և կհավաքի առավելագույնը մի քանի տոկոս ձայն։ Սա ըստ էության կլինի իրական ֆիասկո ակտիվ քաղաքականություն մեծ թափով վերադառնալու մտադրություն ունեցող ԱԱԾ նախկին տնօրենի համար և վերջնականապես կփակի իր երբևէ ընդդիմության առաջնորդ դառնալու հնարավորությունը։