
Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չեն նշանակում հանցագործության բացահայտում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Փարաքարում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը։
«Ակնհայտ է, որ եղել է կազմակերպված, պլանավորված սպանություն և բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի. ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, ենթադրյալ հնարավոր է նաև պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետև իրավապահ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաև խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ սկսվել էին նաև նախապատրաստական աշխատանքներ, պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկացվածության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրավված են։ Այդ ուղղությամբ իրավապահները մեծ աշխատանք ունեն անելու և մեկ անգամ ևս հորդորում եմ ավելորդ քաղաքական հայտարարություններ, առավել ևս դատարանի գործառույթ չիրականացնեն։ Հանցագործությունը կբացահայտվի, երբ որ կլինի դատարանի վճիռ»,–ասաց նա։