ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։
Նա կարևորել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, ընդգծել ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերի, ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կարևորությունը։
Անդրադառնալով Նիդերլանդների Թագավորության ՆԳ նախարարության հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից տրամադրված աջակցության համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։
Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։