
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել դեսպանի դերը հայ-լեհական սերտ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ձեր աշխատանքն ու ներդրումը մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում տպավորիչ և զգալի են: Մենք բոլորս գնահատում ենք այն, ինչ արել եք:
Անկախությունից հետո Լեհաստանը օրինակելի է եղել մեր և շատ երկրների համար նրանով, թե ինչպես, բոլոր դժվարությունները հաղթահարելով, կարողացավ դառնալ անկախ, ինքնուրույն երկիր և իր ուրույն տեղն ունենալ եվրոպական մեծ ընտանիքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Պավել Չեպլակը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այսօր հանդիպել Ձեզ: Հայաստանում աշխատած հինգ տարիները շատ ավելի հետաքրքիր ու դրամատիկ են եղել, քան ես կարող էի ակնկալել 2017 թվականի աշնանը, երբ պատրաստվում էի գալ այստեղ: Այստեղ ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել և աշխատել յուրահատուկ մարդկանց հետ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության առկա հնարավորություններն ու զարգացման ներուժի ամբողջական իրականացման վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական միջկառավարական խորհրդում փոխգործակցության խթանմանը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և միջազգային տարբեր հարթակներում՝ մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում սերտ համագործակցությունը: