Վահագն Խաչատուրյանը և ServiceNow ընկերության...

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Նիկ Ցիցոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային ոլորտներում:

ServiceNow ընկերությունը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է մեկ ինտեգրված պլատֆորմի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ։ Ընկերությունը մշակում է Cloud (մոլեկուլային) լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց աշխատանքային հոսքերը՝ IT ծառայություններից մինչև մարդկային ռեսուրսներ, անվտանգության խնդիրներ և հաճախորդների սպասարկում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ»-ի (ACT) և ServiceNow-ի միջև: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ և ներգրավվել միջազգային առաջատար նախագծերում:



Հանդիպման քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ներառյալ կրթական և հետազոտական ծրագրերը, տեխնոլոգիական նորարարության և թվայնացման ուղղությունները: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նոր միջազգային գործընկերությունների ստեղծման և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու հարցում:

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ նման հանդիպումները կարևոր քայլ են՝ ամրապնդելու Հայաստանի ներկայությունը միջազգային տեխնոլոգիական հարթակներում և խթանելու առաջատար ընկերությունների մասնակցությունը երկրի կրթական և բարձր տեխնոլոգիական ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր ինչի կապակցությամբ ServiceNow ընկերության փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցությունը ցուցաբերել համաժողովի անցկացմանը: