Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի՝ Mercosur-ի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ուժի մեջ է մտել մայիսի 1-ից։
Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովը։
Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է, որ համաձայնագիրը աստիճանաբար կվերացնի Mercosur-ի 700 միլիոն բնակչությամբ երկրների շուկա արտահանվող ԵՄ ապրանքների ավելի քան 91 տոկոսի նկատմամբ ներմուծման տուրքերը։
Մայիսի 1-ից կվերացվեն կամ զգալիորեն կնվազեն տուրքերը ԵՄ հիմնական արտահանման այնպիսի ապրանքների, ինչպիսիք են ավտոմեքենաները, դեղագործական արտադրանքը, գինին, թունդ ոգելից խմիչքները և ձիթապտղի յուղը։ Ակնկալվում է նաև, որ համաձայնագիրը 50 տոկոսով կավելացնի ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն այս տարածաշրջան։
Միևնույն ժամանակ, ինչպես վստահեցնում է Եվրահանձնաժողովը, կապահովվի շուկայի նկատմամբ զգայուն համարվող ԵՄ գյուղատնտեսական-սննդային արդյունաբերության ոլորտների անհրաժեշտ պաշտպանությունը՝ մանրամասն մշակված սակագնային քվոտաների, պաշտպանության աննախադեպ մեխանիզմի և ուժեղացված վերահսկողության միջոցով։
Այնուհանդերձ, առևտրային այս համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են գրեթե 25 տարի, միանշանակ չեն ընդունվել Եվրամիության երկրներում։ Գյուղատնտեսական արտադրանքի խոշոր արտադրողներ համարվող ԵՄ պետություններում տարեսկզբից տեղի են ունենում գյուղացիների զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները համարում են, որ Mercosur-ի հետ համաձայնագիրը իրենց համար առաջացնում է անհավասար մրցակցային պայմաններ՝ նպաստելով Եվրամիության շուկայի հեղեղմանը էժան ապրանքներով, որոնց նկատմամբ ԵՄ-ն չի ներկայացնի նույնքան խիստ պահանջներ, ինչպես եվրոպացի գյուղացիների արտադրանքի նկատմամբ։



