
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանքավայրը հայտնաբերվել է Կարակալպակստանի Ուստյուրտի տարածաշրջանում։
«Ավելի վաղ մեզ մոտ նավթի և գազի ոլորտում հետախուզական աշխատանքներ են իրականացվել 2500-3000 մետր խորության վրա։ Այս տարի մեր արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ Ուստյուրտում հորատանցք է բացվել 6500 մետր խորության վրա, և հայտնաբերվել է գազի շատ խոշոր հանքավայր», - ասել է նա։
Միրզիյոևը չի բացահայտել հայտնաբերված գազի մոտավոր պաշարները և չի նշել հորատման աշխատանքներն իրականացնող ընկերությունները։
Նախագահը հայտնել է, որ Ուզբեկստանն ունի այնպիսի տեխնոլոգիական հանքանյութերի մեծ պաշարներ, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, տիտանը և այլն։
«Ըստ գնահատումների՝ նման ռեսուրսների համաշխարհային պաշարների 10-15%-ը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ Ուզբեկստանում», - ասել է Միրզիյոևը։