Ուզբեկստանի ՆԳՆ-ն սպառնացել է տուգանել կվադրոբերների ծնողներին։ Այս մասին, հղում կատարելով գերատեսչությանը, գրել է Gazeta.uz-ը։
Կվադրոբերները մարդիկ են, հիմնականում՝ դեռահասներ, որոնք կրում են կենդանիների դիմակներ եւ փորձում են նմանակել նրանց պահվածքը, պլաստիկան, շարժումները։
Ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ կվադրոբիկան տարածվել է Ղազախստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ այժմ էլ «նման անընդունելի գործողություններ են նկատվել» Ուզբեկստանում։ ՆԳՆ տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին Տաշքենդում նկատել են կվադրոբերի՝ կենդանու դիմակով, իսկ հոկտեմբերի 11-ին մի կվադրոբեր, որն իրեն նույնականացրել էր շան հետ, հարձակվել է ուղեւորների վրա։
«Այս հանգամանքները հակասում են հանրությունում վարքի կանոններին, եւ նման վարքը լիովին անթույլատրելի է»,- հայտնել են գերատեսչությունում։ Կվադրոբեր-երեխան, կարծում են ՆԳՆ-ում, կարող է «իր վրա վերցնել կենդանիների ագրեսիվ գործողությունները», վնասել ինքն իրեն եւ շրջապատին։
Գերատեսչությունում հայտնել են, որ «նման ենթամշակույթի դրսեւորման դեպքերը կորակվեն որպես ծնողների կողմից իրենց պարտականությունների չկատարում»։ Վարչական պատասխանատվության օրենսգրքի համապատասխան՝ դրա համար նախատեսված է տուգանք սկսած 1,875 մլն սումից (146 դոլար)։
Բացի այդ, իշխանությունները կարող են երեխաների հատուկ հոգեբանական զննում իրականացնել՝ «որոշելու համար, թե ինչպես է կվադրոբիկան ազդում երեխայի հոգեկան եւ հուզական առողջության վրա»։



