Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, «ավելի անկ...

Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, «ավելի անկանխատեսելի եւ էսկալացիոն» կդառնա առաջիկա ամիսներին, Կոնգրեսում հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Հեյնսն ասել է, որ «ներխուժման» հաջորդ փուլը դժվար է կանխատեսել մասամբ այն պատճառով, որ «Պուտինը անհամապատասխանության է բախվում իր հավակնությունների եւ Ռուսաստանի ներկայիս սովորական սպառազինությունների կարողությունների միջեւ»:

«Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ այս երկփեղկությունը Ռուսաստանում ավելի իրավիճակային որոշումների ժամանակաշրջան կբացի՝ ինչպես այս հարձակումը պահպանելու համար անհրաժեշտ ներքին ճշգրտումների, այնպես էլ Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ ռազմական հակամարտության առումով: Եվ ներկայիս միտումը մեծացնում է հավանականությունը, որ նախագահ Պուտինը կդիմի ավելի կտրուկ միջոցների, այդ թվում՝ ռազմական դրություն մտցնելը, արդյունաբերական արտադրության վերաուղղորդումը կամ հնարավոր ռազմական գործողությունների սրումը, որպեսզի ազատի իր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, քանի որ հակամարտությունը ձգձգվում է, կամ եթե նա զգա, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում»,- ասել է նա։

Այդուհանդերձ, նրա խոսքով, հետախուզական հանրությունը չի հավատում, որ Պուտինը միջուկային զենք կօգտագործի, եթե միայն չզգա, որ Ռուսաստանը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ:

Հետախուզական հանրությունը կարծում է, որ «Պուտինը պատրաստվում է ձգձգվող հակամարտության, եւ որ նրա նպատակները դուրս են գալիս Դոնբասի շրջանից, որտեղ ներկայումս կենտրոնացած են ռուսական զինված ուժերը»։

«Ռազմական գործողությունների հաջորդ ամիսը մեծ նշանակություն կունենա, քանի որ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ջանքերը»,- ասել է Հեյնսը: «Բայց նույնիսկ եթե նրանք հասնեն հաջողության, մենք վստահ չենք, որ Դոնբասում մարտերն իրականում վերջ կտան պատերազմին»:

«Կարճաժամկետ հեռանկարում Պուտինը ցանկանում է գրավել երկու արեւելյան շրջաններ՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանները, վերահսկողության տակ առնել Խերսոն քաղաքը եւ պոտենցիալ երկարացնել Մերձդնեստրի ցամաքային կամուրջը»,- նշել է նա:

Սակայն հետախուզական հանրությունը կարծում է, որ Մերձդնեստր հասնելու համար Պուտինին անհրաժեշտ կլինի լիարժեք մոբիլիզացիա իրականացնել Ռուսաստանի ներսում, ինչը նա դեռ չի արել։ «Քանի որ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Ուկրաինան կարծում են, որ կարող են շարունակել ռազմական առաջընթացը, մենք չենք տեսնում կենսունակ բանակցային ճանապարհ, գոնե կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Հեյնսը: