Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Ռուսաստանից պահանջել է լիակատար թափանցիկություն՝ Սիբիրում հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահից հետո։
«Համաշխարհային հանրությունը հարցեր ունի, որոնց Ռուսաստանը պարտավոր է պատասխաններ տալ»,- Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Վադեֆուլը։ Նա նույնիսկ չի բացառում «խիստ սահմանափակումներ ուղևորությունների վրա» մտցնելու հնարավորությունը՝ Եվրոպան պաշտպանելու համար. «Մենք չենք կարող և չենք պատրաստվում դիմել նման ռիսկի»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Մտահոգության պատճառ է դարձել Իրկուտսկում ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահը։ Ռուսաստանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին լաբորատորիայում կոտրվել է ժանտախտի հարուցչով փորձանոթը, իսկ չորս օր անց կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մահացել է հոկտեմբերի 2-ին։ Բացի դրանից, հաղորդվում է նույն ինստիտուտում վարակման երկրորդ հնարավոր դեպքի մասին։
Միաժամանակ Ռոսպոտրեբնադզորը հերքում է Իրկուտսկի մարզում ժանտախտով հիվանդանալու երկրորդ դեպքի մասին տեղեկությունը, իսկ տարածաշրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը նախօրեին հայտարարել է կարանտինի վերացման մասին։ Իշխանությունների վարկածով՝ լաբորանտուհին մահացել է թոքաբորբից։
Գերմանացի փորձագետները կոչ են անում խուճապի չմատնվել։ Բունդեսվերի միկրոկենսաբանության ինստիտուտի ղեկավար Ռոման Վյոլֆելը հայտարարել է, որ ներկայում Գերմանիայի և Եվրոպայի համար անմիջական վտանգ չկա։ Նա նշել է, որ թոքային ժանտախտը փոխանցվում է հիմնականում սերտ շփման դեպքում և չի տարածվում այնքան հեշտ, որքան կորոնավիրուսը կամ կարմրուկը։



