Ուկրաինայում պատերազմն արմատապես կփոխի սառը պ...

Ուկրաինայի պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը եւ շրջադարձային պահ է Եվրոպայի ապագայի համար։ Այս մասին ասված է մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ուղերձում, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ այսօր Եվրամիությունը սպառնալիքներին դիմակայելու ստուգում է անցնում։ «Կատարվողի ֆոնին մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար եւ արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպային վերադարձնում է 1940-ականներ, եւ դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար... Բացի պատերազմներից եւ հակամարտություններից, Եվրոպայի վրա մեծապես ազդում է գլոբալ անորոշությունը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկ կախվածությունը, ահաբեկչությունը եւ անօրինական միգրացիան»,- ասել է նա:

Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ին սպառնում են «ծայրահեղական հոսանքները, խտրականությունը, այլատյացությունը եւ իսլամաֆոբիան, ինչը համակեցության էրոզիա է առաջացնում եւ խարխլում է ընդհանուր արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան»։

Նա վստահեցրել է, որ, որպես ԵՄ-ի անդամության թեկնածու եւ ՆԱՏՕ-ի դաշնակից, Թուրքիան «առանցքային երկիր է բոլոր առաջացող խնդիրների լուծման հարցում, որոնց բախվում է Եվրոպան»։ «Չնայած որոշ շրջանակներ, հատկապես Եվրամիությունում, ժամանակ առ ժամանակ Թուրքիայի մեջ մրցակից եւ նույնիսկ սպառնալիք են տեսնում, Անկարան զգալի ներդրում է ունեցել եւ ունի մայրցամաքի կայունության եւ բարգավաճման գործում՝ բազում զոհողություններ անելով հանուն Եվրոպայում անվտանգության, ինչպես դա եղել է սառը պատերազմի ժամանակաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է իր կառուցողական կուրսը Եվրոպայի հետ համագործակցության եւ երկխոսության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ Եվրամիությանն անդամակցելու ռազմավարական նպատակի լույսի ներքո։