Կիևն այժմ չի կարողանա ընդունել F-16 կործանիչները, նույնիսկ եթե եվրոպական երկրները նվիրաբերեն դրանք։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի Օդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
«Կարելի էր լսել եվրոպացի ղեկավարների տարբեր հայտարարություններ, որ իրենք պատրաստ են ինքնաթիռները փոխանցելու մեզ, որպեսզի դրանք գտնվեն մեր տարածքում, - ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում: - Բայց դա այն տարբերակը չէ, որը հարմար է Ուկրաինային: Մեզ պետք է, որ դրանք աշխատեն, պաշտպանեն օդային տարածությունը»։
Իգնատը պարզաբանել է, որ այժմ Ուկրաինայում բացակայում է F-16-երի սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը և, բացի այդ, չկան օդաչուներ, որոնք պատրաստված լինեն դրանք վարելու համար։
«Դրանք պարզապես ինքնաթիռներ չեն, այլ ավիացիոն համալիրներ, որոնք պահանջում են համապատասխան պայմաններ, սարքավորված օդանավակայաններ և օդաչուներ: Գործընկերները պատրաստ են մեզ փոխանցելու տեխնիկան, բայց հարցն այն է, որ Ուկրաինայում ամեն ինչ պատրաստ լինի, որպեսզի այն աշխատի», - հավելել է ռազմաօդային ուժերի խոսնակը։
Իգնատը նշել է, որ «տրվում են տարբեր կանխատեսումներ», թե երբ Ուկրաինան կկարողանա ընդունել արևմտյան ինքնաթիռները, բայց ինքը կոնկրետ ժամկետներ չի հայտնել։
Ներկայումս Դանիայում վեց ուկրաինացի օդաչուներ F-16-երի համար վերապատրաստում են անցնում։ 2023 թվականի օգոստոսի վերջին Նիդեռլանդները հայտարարել է 42 ամերիկյան F-16 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, իսկ Դանիան խոստացել է 19 կործանիչ։ ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել այդ քայլին։ Կիևում հույս են հայտնել, որ Ուկրաինան կործանիչները կստանա 2024 թվականի առաջին կեսին։ Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ դա տեղի կունենա գարնանից ոչ շուտ: