Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ռուստեմ Ումերովը մեկնաբանել է իր նշանակումը։ Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Ումերովը Facebook-ում գրել է, որ նոր պաշտոնն իր համար և՛ մարտահրավեր է, և՛ պարտականություն՝ «որպես քաղաքացու և իր ժողովրդի արժանի զավակի»։
«Մեր գլխավոր նպատակը հաղթելն է։ Ես կանեմ հնարավոր և անհնարին ամեն ինչ Ուկրաինայի հաղթանակի համար, երբ մենք ազատագրենք մեր երկրի յուրաքանչյուր սանտիմետրը և մեր յուրաքանչյուր մարդուն։ Նրանց, ովքեր, ցավոք, ժամանակավոր գերության մեջ են, անպայման կվերադարձնենք։ Բոլորին՝ երեխաներին, ռազմագերիներին, քաղբանտարկյալներին, քաղաքացիական անձանց։ Մենք նորմալ և արժանապատիվ կյանք կվերադարձնենք ուկրաինական քաղաքներին, որոնք, ցավոք, ժամանակավորապես օկուպացված են։ Մենք գիտենք, որ այնտեղ մարդիկ մեզ են սպասում։ Որովհետև մեր մարդիկ են և մեր տարածքները»,- ընդգծել է նա։
«Ուկրաինան այսօր ազատ աշխարհի ազատ մարդիկ են, որոնք պաշտպանում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքները։ Մենք պատերազմում ենք դրա համար։ Եվ մեր ծրագիրը հաղթելն է: Առանց երանգների ու քննարկումների։ Փա՛ռք Ուկրաինային»։ ավարտել է Ումերովը։