Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաքն այդ մասին խոսել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը։ Տեղեկացնում է ABC մեդիան։
«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Մենք այստեղ խոսում ենք եվրոպական մերձավոր հարևանի ժողովրդավարության մասին, որը թշնամական հարևան ունի ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով և հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով: Թվերը մռայլ են՝ 10 ամիս շարունակ սննդամթերքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ապօրինի շրջափակմամբ և 100,000 մարդու հարկադիր տեղահանմամբ: Իմ հետաքրքրությունն այս հարցում գալիս է իմ ընտրողներից։ Մենք ունենք կենսունակ և զգալի բազմաշերտ հայկական համայնք, ինչն ընդգծում է, որ սա մի երկիր է, որը երկար տարիներ ենթարկվել է ջարդերի և ցեղասպանությունների»,- ասել է Հաքը: