Էստոնիայի Էկոնոմիկայի նախարար Տաավի Աասը հայտարարել Է, որ Ուկրաինան մտադիր Է բալթյան երկրների տարածքով նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել Սեւ եւ Ազովի ծովերում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակման պատճառով:
Նրա խոսքով՝ Կիեւն առաջին հերթին ցանկանում Է հնարավորություններ գտնել հացահատիկը եւ մետալուրգիական արտադրանքը համաշխարհային շուկա արտահանելու համար: Կախված ապրանքի առանձնահատկությունից՝ կարելի կլիներ օգտագործել Բալթիկ ծովի նավահանգիստները՝ այդտեղ բեռները տեղափոխելով հիմնականում երկաթուղային ճանապարհով, հավելել Է նախարարը: Ամենից առաջ անհրաժեշտ Է լուծել երկաթուղով սահմանների հատման հետ կապված խնդիրը, որպեսզի ավելի շատ գնացքներ երթեւեկեն: Դժվարություն կա նաեւ տարբեր լայնության երկաթուղագծերի հարցով, նշել Է Աասը:
«Վաղուց ժամանակն Է Բալթիկայի երեք երկրների միջեւ կանոնավոր ապրանքագնացք աշխատեցնել, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա սպասարկել նաեւ ուկրաինական ապրանքները»,-եզրափակել Է նա, ընդգծելով, որ ներկայում կարեւոր Է արագ կերպով համաձայնագիր կնքել Լատվիայի եւ Լիտվայի գործընկերների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: