Ուկրաինան անժամկետ կպահի օգոստոսին գրաված տարածքները Կուրսկի մարզում, որպեսզի ստիպի Վլադիմիր Պուտինին ավելի արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին NBC News-ի եթերում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական տարածքները պահելը պատերազմը դադարեցնելու պլանի անքակտելի մասն է։ Այդ պլանը Կիեւը շուտով կներկայացնի դաշնակիցներին, այդ թվում Վաշինգտոնին, ավելացրել է նա. «Ներկա պահին այն (Կուրսկի մարզի տարածքը) մեզ պետք է »։
Զելենսկին չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Ուկրաինան զավթել էլ ավելի շատ ռուսական հողեր։ «Կներեք, ես չեմ կարող այդ մասին խոսել։ Դա ասես մեր Կուրսկի գործողության սկիզբն է»,- ասել է նախագահը։ Նա ընդգծել է, որ հաջողությունն անսպասելիությունն է։
Ուկրաինայի ԶՈւ-ն, որը օգոստոսի 6-ին անսպասելի եւ սրընթաց հարձակում սկսեց Կուրսկի մարզում, ներկա պահին վերահսկում է մարզի մոտ 1 300 քառակուսի կիլոմետր տարածք եւ 100 բնակավայր։ Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորականները շրջապատման մեջ են վերցրել 3 հազար ռուսաստանցի զինվորների։