Տեղորոշման լուսանկարները ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը ներկա են Ուկրաինայի Սումիի շրջանի սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուսաստանի շրջաններում: Դրա մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) վերլուծական զեկույցում։
Սակայն ուկրաինական զորքերը չեն վերահսկում Կուրսկի շրջանի ամբողջ տարածքը, որի գրավման մասին գրում են ռուսաստանցի զինվորականները, հայտնել է Deutsche Welle-ն։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտարարել է, որ չի վերլուծելու ուկրաինական ռազմական գործողության նպատակները, որպեսզի Ուկրաինայի օպերատիվ անվտանգությունը չվտանգվի։
Զեկույցը միաժամանակ վկայակոչում է ռուսաստանյան բլոգերների հետախուզական տվյալները, որոնք պնդում են, թե ուկրաինական փոքր զրահախմբերը ավելի են խորանում ռուսական թիկունքում և շրջանցում են ամրությունները՝ նախքան ռուսական ուժերը կհասցնեն մարտի մեջ ներգրավվեն, իսկ հետո դուրս են գալիս մարտից՝ չփորձելով վերահսկողություն հաստատել իրենց ամենահեռավոր առաջխաղացման նկատմամբ:
«Ուկրաինական ուժերն, ըստ երևույթին, կարող են օգտագործել այս փոքր զրահախմբերը՝ շփման գծից անդին հարձակումներ իրականացնելու համար՝ Կուրսկի շրջանի սահմանային շրջաններում ռուսական զորքերի նոսրության պատճառով», - հայտարարում են վերլուծաբանները:
ISW-ի տվյալներով՝ Ուկրաինայի Զինված ուժերի ավելի մեծ ուկրաինական ստորաբաժանումներ գործում են Կուրսկի շրջանի հատվածներում, որոնք ավելի մոտ են ուկրաինական սահմանին՝ համախմբելով և ամրապնդելով որոշ դիրքեր։ Ըստ ռուսաստանցի զինվորականների՝ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում գործողությունների ժամանակ հաջողությամբ օգտագործում են նորարարական մարտավարություն և տեխնոլոգիական հնարավորությունները, ասված է զեկույցում։
Վերլուծաբանները ենթադրում են, որ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժմանը ռուսական համահունչ պատասխանի բացակայությունը և ուկրաինական առաջխաղացման արագությունը վկայում են նրա մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ սահմանին կարողացել են օպերատիվ անակնկալի բերել ռուսներին։