Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը պնդում է, որ սեպտեմբերի 11-ի գիշերն ուկրաինացի զինվորականները Սև ծովում մարդոց դյուրակիր զենիթահրթիռային համակարգից ռուսական Սու-30ՍՄ մարտական ինքնաթիռ են խոցել։ Այս մասին սեպտեմբերի 12-ի առավոտյան հաղորդագրություն է հայտնվել գլխավոր հետախուզական վարչության կայքում։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ գործողությունն իրականացրել են ՈՒկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչություն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։ Խոցված ինքնաթիռը սեպտեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, դադարեցրել է կապը և ընկել ծովը։ Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականները հայտնաբերել են բեկորներ Թարխանկուտ հրվանդանից 70 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Հետախուզությունը հայտարարել է, որ ոչնչացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 43-րդ առանձին ռազմածովային ավիացիոն գնդի կործանիչը, որը տեղակայված է Ղրիմի Սակի քաղաքի օդանավակայանում։
Ուկրաինայի հետախուզությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ, իբր, երեւում է ինքնաթիռի կործանման պահը։ Ձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը թռչում երկնքում ծովի վրայով, ապա լողացող նավակ է հայտնվում, որից հետո երկնքում ծուխ է հայտնվում մի կետի մոտ, ենթադրաբար՝ ինքնաթիռի։
Ուկրաինական Крымский ветер Telegram ալիքն առաջիններից էր, ով հայտնել էր ինքնաթիռի կործանման մասին սեպտեմբերի 11-ի ցերեկը` վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իր աղբյուրը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել են երկու ռուս օդաչուներ։ Ինքնաթիռի կորստի մասին հայտնել են նաև ռուս զինվորականները։